Երկու տղամարդ, մի կին՝ իր փոքրիկ աղջկա հետ, և ինը֊տասը տարեկան երկու տղաներ վաճառատուն մտան՝ կատարվածը դիտելու։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տղաներից մեկը։
— Թակարդի մեջ երեխա է ընկել,— ասաց միստր Քովինգտոնը,— Յուլիսիս անունով մի տղա։
— Ինչպե՞ս է ընկել,— հարցրեց տղամարդկանցից մեկը։— Բժիշկ կանչե՞մ։
— Ոչ, վիրավորված չէ,— ասաց Մեծ Քրիսը,— տղան ողջ և աոողջ է։ Պարզապես գետնից բարձրացված է, ուրիշ ոչինչ։
— Գուցե ոստիկան կանչեք,— ասաց կինը։
— Ոչ, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— տղան պարզապես թակարդն է ընկել։ Այս մարդը, Ուոլտըրը, տղային շուտով դուրս կբերի։
— Խայտառակություն է, փոքր երեխաներին տանջում են ամեն տեսակի հիմար բաներով,— ասաց տիկինը։
— Տղան շատ լավ է զգում իրեն, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— նա չի տանջվում։
Տիկինն ասաց.
— Եթե նա իմ տղան լիներ, ես անմիջապես ոստիկան կկանչեի։— Նա արագ շրջվեց և իր փոքր աղջկան ետևից քարշ տվեց։
— Ուզում եմ տեսնել, ուզում եմ տեսնել,— լաց եղավ փոքրիկ աղջիկը,— բացի ինձնից բոլորը նայում են։— Կինը քաշեց փոքր աղջկան և վաճառատնից դուրս բերեց։
— Մի անհանգստանա, Յուլիսիս,— ասաց Մեծ Քրիսը,— հիմա քեզ դուրս կհանենք այդտեղից։
Միստր Քովինգտոնը, այնուամենայնիվ, հուսահատվեց։