Մոզրովի քարանձավ,Գնդեվանք

Կարստային քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ : Խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ շինարարները պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Մոզրովը երկրաբանական հարուստ գոյացություններով խորը քարանձավ է։ Այն իր երկարությամբ Հայաստանում երրորդն է (մոտ 260մ)։ Մոզրովի քարանձավը հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։ Այն ունի բազմատեսակ ծալքավոր կամ ներանձավային գոյացություններ, որոնցից են շթաքարեր (ստալակտիտներ), պտկաքարեր (ստալագմիտներ), հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ։800px-Մոզրով_3

Գնդեվանք, միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին։ Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Նա Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունու դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը։ Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ։

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու գործունեության վկայությունը։ Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։

Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք։ Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936 թվականին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով։ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված։ Ներսում՝ գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները։

999 թվականին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը։ Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ։ Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն։

1008 թվականին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել։

1604 թվականին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել։ 1691 թվականին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ։ Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը՝ եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին։ Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է։

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ։ Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով։

Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով։


Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.