Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին եռանավ բազիլիկ է:Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությանն է ներկայացրել եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որն հավանության է արժանացել, սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: Տաս տարի անց, հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածել է տեխնիկական նախագծի, որը թույլատրվել է իրականացնել: 1980-ական թվականներին բազմափորձ ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել է եկեղեցու հիմնական վերակառուցումը: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել է վերնատուն, հատակը մարմարապատվել, բարեզարդվել տաճարի ներսը: Կառուցվել է եկեղեցու զանգակատունը, իսկ 2000թ.` եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներ, գործում է սրբապատկերի դպրոցը:
Ըստ քրիստոնեական մատենագրության Սբ. Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր, ով կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա մեր տիրոջ ճանապարհը հարթող և Հորդանան գետում նրան մկրտող մարգարեն էր:Սբ. Հովհաննես Մկրտիչն ապրել է խստաբարո ճգնավորի կյանքով և արդեն 30 տարեկան հասակում հռչակվել որպես Աստծո մարգարե: