Գործողություն կամ եղելություն նշանակող բառը կոչվում է բայ:
Օրինակ՝ ուտել, խմել, գնալ, քանդել, մեծանալ, սառչել, ընկնել: Պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում: Դրանք ոչ թե նշանակում են գործողություն կամ եղելություն, այլ հաստատում են ենթակայի՝ որևէ վիճակի մեջ լինելը (Ես կամ, մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ բանականություն, որ արժի ամեն ինչ):
Բայն ունի իր բնորոշ ձևը: Նրա ուղիղ ձևն ունի –ել կամ –ալ ածանց–վերջավորությունը:
Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով (խոսելիս, գրեցի, կասեմ, չեմ տա, մի՛ կարդա, պիտի ուզեմ):Բայը կարող է փոփոխվել ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի՝ կազմելով դիմավոր ձևեր: Բայի այդպիսի ձևափոխությունը կոչվում է խոնարհում: Բայը կարող է ձևափոխվել նաև ըստ սեռի, ինչպես և կազմել անդեմ ձևեր:
Բայի բոլոր դրական ձևերն ունեն իրենց ժխտական հակարժեքները,
որոնք կազմվում են համապատասխան դրական
ձևից՝
• մեծ մասամբ չ– նախամասնիկով՝ գրել — չգրել, գրած — չգրած, գրող — չգրող, գրելիս — չգրելիս, գրում եմ — չեմ գրում, գրելու եմ — չեմ գրելու, գրել եմ — չեմ գրել, գրեցի — չգրեցի, գրեմ — չգրեմ, կգրեմ — չեմ գրի, պիտի գրեմ — չպիտի գրեմ,
• մի դեպքում (արգելական հրամայականում)՝ մի՛ մասնիկով՝ գրի՛ր — մի՛ գրիր, գրե՛ք — մի՛ գրեք:
Գործնական աշխատանք
1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր