Եզդիներ
Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:
Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է:
Մոլոկաններ
Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:
Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ:
Ասորիներ
Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն:
Հրեաներ
Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են:
Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա: