Կոստանդնուպոլսի պատմությունը ընդգրկում է 330 թվականին Հռոմեական կայսրության մայրաքաղաք դարձած քաղաքի օծումից մինչև նրա գրավումը՝ 1453 թվականը։
Ըստ էության, այն՝ կառուցվելով հին Բյուզանդիոնի տեղում, այն ժամանակների համար ահռելի շինարարական աշխատանքների, բնակչության արագ աճի, առևտրի ու արհեստների զարգացման, մայրաքաղաքի կոչման ու առաջին հռոմեական կայսրների ջանքերի շնորհիվ կես դարում դարձավ Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ամենամեծ քաղաքներից մեկը։5-րդ դարում Հռոմի անկումից հետո Կոստանտնուպոլիսը դարձավ մոտավորապես 10 դար գոյություն ունեցող Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ պահպանվում էին հռոմեական և հելլենիստական ավանդույթները։ Բյուզանդական դարաշրջանի Կոստանտնուպոլսի պատմությունը հագեցած էր քաղաքական բուռն իրադարձություններվ՝ ժողովրդական ընդվզումներով, պալատական ինտրիգներով, կայսրների սպանություններով և իշխող հարստությունների փոփոխություններով, ամիսներ տևող պաշարումներով և արևելյան ու արևմտյան հզոր հարևանների դեմ արշավներով։ Երկար ժամանակ (մինչև 13-րդ դար) Կոստանտնուպոլիսը միջնադարյան Եվրոպայում փայլուն մշակույթի և գիտության կենտրոնն էր:
Մայրաքաղաքի էլիտան ծայրահեղ անկայուն և բազմազան խումբ էր, քանի որ Բյուզանդիայի իշխող վերնախավը հասանելի էր հասարակության տարբեր սոցիալական ծագում ունեցողների համար։ Շատ մայրաքաղաքային երևելիներ ոչ միայն չէին ամաչում գեղջկական կամ գավառական ծագումից, այլև հպարտանում էին, որ կարողացել են ճանապարհ հարթել դեպի իշխանական վերնախավ հասարակության ստորին օղակներից։ Նույնիսկ կայսերական գահը պալատական դավադրության, սիրային ինտրիգի, հաջող ամուսնության, բանակի կամ քաղաքացիների ընդվզման արդյունքում կարողացել է զբաղեցնել հասարակ ժողովրդից սերած անձ։ Նման օրինակները քիչ չեն Բյուզանդիայի պատմության մեջ. ճակատագրի կամոք կայսրեր են դարձել նաև հասարակ զինվորներ, ովքեր կարողացել էին ծառայելով հասնել մինչև զինվորականության միջին աստիճանների, մսագործ կամ գյուղացի, ով հետագայում զբաղվել էր ձիերով շրջագայելով կամ բռնցքամարտերով։ Կոստանդնուպոլսում առավել զգալի էր հակադրությունը քաղաքային ստորին խավերի աղքատության և արիստոկրատիայի հարստության, կայսերական պալատի և հոգևորականության միջև։ Քաղաքն արդարացիորեն անվանում էին «Ամբողջ Արևմուտքի և Արևելքի շքեղության և թշվառության գլխավոր կենտրոն»։
1453 թվականի մայիսին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Բյուզանդական կայսրությունը վերջնականապես կործանվեց, և Օսմանյան կայսրությունը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական Եվրոպայում և Կահիրեի, Թունիսի և Գրանադայի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։