Միջատներ՝թիթեռներ, 1 , սարդեր, զատիկներ, 1
Միջատների մարմինը կազմված է երեք առանձին, բայց իրար հետ կապված մասերից։ Դրանք են՝ գլուխը, կուրծքը և փորիկը։ Գլխի վրա կա բեղիկների մի զույգ, երկու ֆասետային և, երբեմն նաև, մեկից երեք հատ պարզ աչք։ Բեղիկների միջոցով միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները։
Գլխի առջևի մասում են գտնվում նաև ծնոտների երեք զույգերը՝ վերին, ստորին և իրար հետ միաձուլված ստորին ծնոտների երկրորդ զույգը՝ ստորին շուրթը։
Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները։ Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտք և 2 զույգ թև, որոնք ամրանում են կրծքի հատվածին։
Փորիկն ունի տասնմեկ հատված, չնայած, միջատների որոշ տեսակների մոտ հատվածները կարող են լինել միացված և ավելի մեծացված չափսերով։ Որովայնում են գտնվում մարսողական համակարգը և բազմացման օրգանները։ Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից։ Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ անապատներում ու լեռներում։ Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները։ Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ։ Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ։ Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել։ Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից։ Սովորական դեպքերում միջատների թևերը երկու զույգ են՝ առջևի և ետևի։ Ամրացված են կրծքամասին։ Կազմված են խիտ ցանց ստեղծող ամուր ջղերի վրա ամրացված բարակ թևաթաղանթից։ Միջատների որոշ կարգերի թևերը կրել են փոփոխություններ՝ հատուկ գործողություններ կատարելու համար։
Որոշ միջատներ ընդունակ են լույս արձակել։ Դրանցից ամենահայտնիներն են լուսատտիկների կարգի բզեզները։
Թիթեռները կարևոր դեր են խաղում բնական էկոհամակարգերում, մասնակցում են փոշոտմանը և սննդային օղակներում ծառայում են որպես սնունդ։ Իսկ գյուղատնտեսության մեջ ունեն բացասական նշանակություն, քանի որ հաճախ թիթեռների թրթուրների սննդի հիմնական աղբյուրը մշակաբույսերն են։ Շատ տեսակների էգը մեկ օրում կարող է ձվադրել 200-600-ից մինչև 30 000 ձու։ Տնտեսական մեծ նշանակություն ունեն նաև մետաքսագործ թիթեռները, որոնցից ստանում են մետաքս։Զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ՝ կազմված ձու, թրթուր, հարսնյակ և իմագո (հասուն միջատ) փուլերից։ Թրթուրը որդանման է՝ թերզարգացած փորային ոտիկներով, գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքսային գեղձեր, որոնց արտազատած հեղուկը օդի հետ շփվելիս վերածվում է մետաքսի թելիկների ։
Սարդեր
Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար (Հայաստանում՝ շուրջ 2000) տեսակ։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։
Սարդերի մեծ մասը մարդկանց խայթում են միայն պաշտպանվելու համար, մինչդեռ կան որոշ տեսակներ, որոնք մարդուն կարող են պատճառել ավելի մեծ վնաս, քան մեղուներն ու մոծակները։
Զատիկ
Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։Զատիկները կենդանիների մեծ մասի համար թունավոր են։ Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներին, տզերին։ Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատկաբզեզներ և որդան կարմիրով սնվող բզեզը)։ Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։