Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:
Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:
Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:
Երկկենցաղների մեջ տարբերում ենք.
անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:
պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:
անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:
Պոչավոր երկկենցաղներ.
Հայտնի է 53 ցեղի և 8 ընտանիքի շուրջ 280 տեսակ։ ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ փոքրասիական տրիտոն և սովորական տրիտոն։
Մարմինը կլորավուն է՝ բաղկացած գլխային, իրանային և պոչային բաժիններից։ Մեծամասնության վերջույթները լավ են զարգացած։ Շատերն անցել են ջրային կենսակերպի։ Թմբկախոռոչ և թմբկաթաղանթ չունեն։Բեղմնավորումը ներքին է, հազվադեպ՝ արտաքին։ Որոշ տեսակների այս կամ այն չափով բնորոշ է խնամքը սերունդների նկատմամբ։ Թրթուրներն ունեն 4 զույգ խռիկային ճեղքեր, որոնք հասուն առանձնյակների մոտ անհետանում են։
