Ըստ նեյրոնների քանակի ռեֆլեքսային աղեղները լինում են պարզ՝ երկնեյրոնային և բարդ՝ բազմանեյրոնային։ Առաջինը կազմված է զգայական նեյրոնից, որը դրդումն անմիջապես հաղորդում է շարժողական նեյրոնին։ Այդպիսի ռեֆլեքսային աղեղ ունեն ծնկային, արմնկային, աքիլեսյան ռեֆլեքսները։ Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է մեկ կամ ավելի միջանկյալ (ներդիր) նեյրոններ, որոնք տեղավորված են զգայական ու շարժողական նեյրոնների միջև։ Բարդ են քայլքը, վազքը, վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսների աղեղները։
Ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է ռեֆլեքսային աղեղի բոլո օղակների կազմաբանական ու ֆիզիոլոգիական ամբողջականություն։ Եթե գորտի թաթը ընկղմենք ծծմբական թթվի թույլ լուծույթի մեջ, նա թաթն արագ կհանի լուծույթից, կառաջանա պաշտպանական ռեֆլեքս։ Եթե վերջույթի մաշկը,ռեֆլեքս տեղի չի ունենա։ Հետևաբար որևէ բաղադրիչի բացակայության դեպքում ռեֆլեքս չի իրականանում։
Ռեֆլեքսային գործընթացի մեջ տարբերվում է կապի երկու տեսակ՝ ուղիղ կապ (երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան) և հետադարձ կապ (երբ տեղեկատվությունը փոխանցվում է օրգանից դեպի ուղեղ)։ Այս երկու կապերի շնորհիվ գլխուղեղից կարող է կարգավորել հրահանգների ստույգ իրականացումը և անհրաժեշտության դեպքում ուղղում կատարել օրգանի աշխատանքի մեջ։ Այս ձևով ապահովվում է օրգանիզմի հստակ պատասխան ռեակցիան արտաքին գրգռիչին։
Առօրյա կյանքում ընկալիչների վրա միաժամանակ ազդում են բազմաթիվ գրգռիչներ, սակայն ռեֆլեքս առաջացնում են նրանցից ոչ բոլորը։ Այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը նպատակային է, որովհետև միաժամանակ իրականացող բազմաթիվ ռեֆլեքսներն անհնար կդարձնեին օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը։ Ռեֆլեքսային գործունեությանը հատուկ են միմյանց հետ սերտորեն կապված 2 գործընթացներ՝ դրդում ու արգելակում։ Դրդում է կոչվում նյարդային այն գործընթացը, որը հարուցում է օրգանի աշխատանքը կամ ուժեղացնում գոյություն ունեցող գործընթացը։ Դրդումն ուղեկցվում է նյարդային ազդակի առաջացմամբ, որը նեյրոնի մարմնից աքսոնով էլեկտրական լիցքի ձևով տարածվում է հարևան նեյրոնին կամ կատարող օրգանին։
Արգելակումը ճնշում է նյարդային գոյացություններում դրդման առաջացումն ու տարածումը, ռեֆլեքսների դրսևորումը։ Արգելակումը նույնպես առաջանում է դրդմամբ ծագող նյարդային ազդակներով և թուլացնում կամ ճնշում է մեկ այլ դրդում։
Կենտրոնական նյարդային համակարգում ծագող արգելակումն առաջին անգամ բացահայտել է ռուս ֆիզիոլոգ Ի. Մ. Սեչենովը։ Նա գորտի միջին ուղեղի տեսաբլուրները կերակրի աղի բյուրեղներով գրգռելիս նկատել է ողնուղեղային ռեֆլեքսների արգելակում։ Հետագայում բացահայտվել է, որ արգելակման գործընթացում կարևոր դեր ունեն նաև արգելակող նեյրոններ, որոնք հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններում։ Դրդման և արգելակման փոխներգործությունն ընկած է նյարդային գործունեության յուրաքանչյուր գործընթացում։ Օրինակ՝ ձեռքի ծալող մկանների կծկումն առաջանում է ողնուղեղի շարժողական նեյրոնների գրգռումով։ Նույն ժամանակ թուլանում են պարզող մկաններ, նրանց նյարդավորող նեյրոնների արգելակման պատճառով։