Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 – մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական):
Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի թագավորությունը: Պատճառը Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։ Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդու թագավորությունը։Պարույր Սկայորդի
19-րդ դարի նկարիչ
Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կործանմանը մասնակցելու համար։
Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն էր: Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։ Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես Խորենացին, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է․