Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները
Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:
Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ` դագանակներով զինված, հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծ ուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ:
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:
Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը: