Նախագիծ

Նախագծի նկարագրությունը, բովանդակային շեշտադրումները

Հեղինակային կրթական ծրագրի հիմքում հենց անհատի կրթությունն է՝ անհատի հմտությունների, կարողությունների, հնարավորությունների զարգացումը:

Սովորողը կարդում է այն, ինչ իրեն հետաքրքրում է, գրում է, խոսում է այն մասին, ինչով ոգևորված է, իր սեփական մտքերը շարադրելով էլ սկսում է գրագետ գրել` ազատվելով ուրիշի կողմից թելադրված տեքստերից՝ մտքի ու խոսքի կաղապարներից, իրական կենդանի խոսքի ձևակերպմամբ ու սեփական փորձով ստանում անհրաժեշտ լեզվական հմտություններ:

Նախասիրություններով պայմանավորված՝ նախագծային գործունեության լայն հնարավորություն է բացվում խմբային նախագծերով աշխատանքի ժամանակ։

  • Ստեղծագործական ուղղություն․ խթանում է սովորողի գրավոր խոսքի զարգացումը, երևակայությունը, պատկերավորման միջոցների կիրառումը, սեփական մտքերն ազատ արտահայտելու հմտության զարգացումը: Ստեղծագործական աշխատանքի տարբեր փուլերում սովորողներն անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչի են իրենք ընդունակ, սակայն կոնկրետ աշխատանքի ժամանակ տեսնում են, որ ավելի հեշտ են գտնում ասելիքի թեման, ավելի ծավալուն են գրում, ավելի համարձակ են արտահայտվում, ավելի շատ են ձգտում փիլիսոփայական եզրահանգումների բերել:
  • Թարգմանական-հետազոտական ուղղություն․ խթանում է սովորողի կոնկրետ լեզվական, հետազոտական հմտությունները, զարգացնում վերլուծական միտքը, տրամաբանությունը, տեղեկատվական դաշտում հավաստի աղբյուրներ գտնելու, փաստերը համադրելու, դրանց հիման վրա ինքնուրույն ընտրելու թարգմանվող նյութը, կարևոր շեշտադրումներն առանձնացնելու-թարգմանելու, եզրակացություն անելու կարողությունները: Հետազոտական աշխատանքներն սկզբում ծավալվում են դարի ամենատարածված թեմաների շուրջ (մեքենա, հեռախոս, համակարգիչ): Սակայն ընթացքում դրանք աննկատ փոխվում ու դառնում են իսկական գիտահանրամատչելի «դասընթացներ»: Այս ուղղության կարևոր սկզբունքը՝ անպայման պիտի նշվեն բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել է սովորողը, դասարանում աշխատանքի բանավոր պարտադիր ներկայացում, իսկ վերջում սովորողի եզրակացությունը` որպես աշխատանքի արդյունք:
  • ընթերցանության ուղղություն․ խթանում է սովորողի ընթերցողական հմտությունները, սովորեցնում է հետևել գրադարանից օգտվելու կանոններին, գրքերի ընտրություն կատարել, նախընտրած հեղինակներ ունենալ, ճանաչել հայ և օտարազգի գրողների և նրանց ստեղծագործությունները։ Սկզբունքն էլի ինքնուրույն ընտրությունն է, ընթերցումը և ստեղծագործության վերլուծությունը բլոգում, որտեղ պարտադիր պիտի նշվի` արդյո՞ք խորհուրդ կտա իր ընկերներին կարդալ այն և ինչու:
  • ռադիո-տեսա-հաղորդումներ․ խթանում է մի շարք կարևոր հմտությունների զարգացում, որն, անկախ սովորողի ընտրած մասնագիտությունից, ձևավորում է ուղղակի գիտակից, պատասխանատու քաղաքացի: Դրանք են` կարողանալ նկատել ու առանձնացնել իրենց կյանքից խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, դրանց լուծումը դարձնել նպատակ, դրան միտված հարցեր առանձնացնել։

Նախագծի խնդիրները՝

  • որոնողական հմտություններ փոխանցել
  • հղում անել համապատասխան հեղինակների, մասնագետների
  • օգնել կողմնորոշվել՝ ինչ է ուզում սովորողը․ նախամասնագիտական կողմնորոշում
  • ի հայտ բերել սովորողի նախասիրությունները
  • սովորեցնել հարցին բազմակողմանի մոտենալ
  • ժամանակն արդյունավետ օգտագործել
  • իր արած աշխատանքն ինքնուրույն գնահատել։

Նախագծի ուղղություններն՝ ըստ բովանդակության․

  • Իմ հերոսը․ թարգմանական, հետազոտական ուղղություն․ սովորողները ներկայացնում են իրենց վրա ազդեցություն թողած, իրենց կարծիքով կարևոր այն մարդկանց, ովքեր կարող են կրթել, ուղղորդել հասարակությանը։ Ներկայացնում են տվյալ գործչի մտքերը, կյանքը, գործունեությունը, հիմնավորում իրենց ընտրությունը։ Հերոսի ընտրության ժամանակային, բնագավառային, տարածական սահմանում չկա․ հերոս կարող է լինել և՛ ծնողը, և՛ ընտանիքի այլ անդամ, և՛ ուսուցիչը, և՛ որևէ գործիչ։
  • Իմ ընթերցարանը․ սովորողների խումբը կազմում են իրենց ընթերցարանը՝ հիմնավորելով ընթերցարանում տեղ գտած նյութերի ընտրությունը, ձևավորելով ընթերցարանը։ Ընթերցարանները կարող են նախատեսված լինել և՛ օտարալեզու սովորողների, և՛ կրտսեր ընկերների համար։
  • Մեր խմբային ԹՎ-ն․ պարտադիր է նախագծի հիմնական ուղղության որոշումը, հեռարձակումների օրացույցի կազմումը, շաբաթական հեռարձակումները, բովանդակությունն՝ ըստ թեմաների։

Նախագծային աշխատանքի բաժանումն՝ ըստ մասնակիցների

Աշխատանքում ներառվում է յուրաքանչյուր մասնակից։ Բովանդակությունն այնպես է մշակված, որ յուրաքանչյուր մասնակից ունենում է իր առանձին թեման, որոնք հետո միավորվում են մեկ ամբողջական նյութի մեջ։

Նախագծի ժամանակացույցը

Նախագծային աշխատանքի տևողությունը՝ 3-4 ամիս, արդյունքները հրապարակվում են կա՛մ հունվարյան ստուգատեսային օրերին, կա՛մ Մայիսյան մանկավարժական հավաքի։

Հանդիպումները՝ ըստ նախապես որոշված ժամանակացույցի։