Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ (3000-5000 սմ3) է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված հասակից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը 3-3,5 լ (3000-3500 սմ3) է, 6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3, տղամարդկանցը՝ 4,5-5 լ (4500-5000 սմ3), մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկներինը՝ մինչև 9 լ (9000 սմ3)։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։
Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3, այսպես կոչված, մնացորդային օդ, որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։
Շնչառությունը կարգավորվում է երկարավուն ուղեղում գտնվող շնչառական կենտրոնի և նյարդային համակարգի տարբեր բաժիններում գտնվող նեյրոնների միջոցով։ Շնչառական կենտրոնում տեղադրված են նեյրոններ, որոնք դրդվում են ներշնչման փուլում և կոչվում են ներշնչական նեյրոններ, իսկ արտաշնչման փուլում դրդվողներինը՝ արտաշնչական նեյրոններ։
Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները՝ հազը և փռշտոցը