Խոր Վիրապ
Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։
Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։
1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։
1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը:
Տափի բերդ
Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվում է Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։
Դվին
Դվինը Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն: Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։

