Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս. ստեղծել է մեխանիկայի և աստղագիտության տեսական հիմունքները, հայտնագործել տիեզերական ձգողության օրենքը, մշակել (Գ. Լայբնիցից անկախ) դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, պատրաստել հայելային հեռադիտակը, կարևորագույն փորձարարական աշխատանքներ կատարել օպտիկայի բնագավառում:
Ծնվել է Իսահակ Նյուտոնը Լինքոլնշիր կոմսության Վուլսթորփ գյուղում, ունևոր ֆերմերի ընտանիքում: Հայրը մահացավ մինչ զավակի ծնունդը, իսկ Նյուտոնը ծնվեց վաղաժամ, Գալիլեի մահվան տարին և անգլիական քաղաքացիական պատերազմի նախաշեմին: Փոքրիկն այնքան թույլ ու հիվանդ էր, որ երկար ժամանակ նրան չէին կնքում: Այնուամենայնիվ, նա ապրեց և վաղաժամ մահացած հոր հիշատակին անվանվեց Իսահակ: Եվ չնայած իր հիվանդոտ մանկությանը ապրեց Իսակակ Նյուտոնը 84 տարի:
Երբ Նյուտոնը երեք տարեկան էր մայրը՝ Աննա Էյսքոուն, կրկին ամուսնանում է, իսկ Իսահակի դաստիարակությամբ զբաղվում է մորեղբայրը: Մանուկ տարիներին Նյուտոնը լռակյաց էր ու ինքնամփոփ, սիրում էր առանձնանալ ու կարդալ, կամ պատրաստել տեխնիկական խաղալիքներ՝ ժամացույցներ, հողմաղացներ և այլն: Զրկված լինելով հորից և մոր ուշադրությունից, նա դեռ մանկուց սովորում է միայնության, և ինչպես գրում են կենսագիրները, այդպես էլ միայնակ է մնում ողջ կյանքում:
1655-ից Նյուտոնը հաճախում է մոտակայքում գտնվող Գրանտեմի դպրոցը, որտեղ, ուսման ընթացքում բոլորը հիանում էին տղայի արտասովոր ունակություններով: Չնայած մոր ցանկությանը, որ որդին մնա և օգնի իրեն տնտեսության մեջ, Նյուտոնը 1661-ին մեկնում է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը, որտեղ էլ հանդիպում է հայտնի մաթեմատիկոս Ի. Բարրոուին (Բարրոուն նրա ուսուցիչն էր, իսկ հետագայում նաև համախոհը):
19-ամյա Նյուտոնը ընդունելության համար հանձնեց միայն լատիներենի քննություն, որից հետո ընդունվեց քոլեջ անվճար ուսման հիմունքներով, իսկ 1664-ից դասվեց նաև թոշակ ստացող ուսանողների շարքը:
1664 թիվը Նյուտոնի համար ստեղծագործական վերելքի տարի էր: Նա կազմեց բնության և մարդկային կյանքի չլուծված խնդիրների (լատ. Questiones quaedam philosophicae) ընդգրկուն ցուցակ, կազմված 45 կետից, որոշումով՝ իր գիտական գործունեությունը նվիրել այդ խնդիրների լուծմանը:
1665-ին ավարտելով համալսարանը ստացել է բակալավրի գիտական աստիճան:
1664թ. Ծննդյան տոներին լոնդոնյան տներում սկսեցին հայտնվել կարմիր խաչեր՝ ժանտախտի Մեծ համաճարակի առաջին նշանները: 1665թ.օգոստոսի 8-ին ժանտախտի համաճարակի աննախադեպ տարածման պատճառով դադարեցվեցին Թրինիթի քոլեջի դասերը: Նյուտոնը վերցնելով անհրաժեշտ ձեռնարկներն ու սարքավորումները, մեկնում է հայրենի Վուլսթորփ:
1665-1667թվերը ծանր էին Անգլիայի համար: Ժանտախտի համաճարակը, որը միայն Լոնդոնում խլեց բնակչության հինգերորդ մասի կյանքը, հոլանդական պատերազմը և լոնդոնյան Մեծ հրդեհը ջլատել էին անգլիական թագավորության բարոյական և նյութական ռեսուրսները: Սակայն, այդ տարիներն ամենաարդյունավետն էին Նյուտոնի համար: Վուլսթորփի տանն առանձնացած, նա աշխատում է լույսի տարալուծման խնդիրների վրա (կատարելով մի շարք սրամիտ փորձեր, նա ապացուցեց, որ սպիտակ գույնը մի քանի գույների խառնուրդ է): Սակայն այդ տարիների ամենամեծ ձեռքբերումը եղավ տիեզերական ձգողության օրենքը:
Այս խնձորենին այն հայտնի ծառի սերնդից է, որի տակ ըստ լեգենդի նստած էր Նյուտոնը, երբ խնձորն ընկավ գլխին (Քեմբրիջի բուսաբանական այգի):
1668-ին Նյուտոնին շնորհվել է մագիստրոսի աստիճան, իսկ 1669-ին Բարրոուն նրան է հանձնել ֆիզիկամաթեմատիկական ամբիոնը, որը նա զբաղեցրել է մինչ 1701-ը: 1671-ին Նյուտոնի կառուցած հայելային հեռադիտակի ցուցադրումը մեծ տպավորություն է գործել ժամանակակիցների վրա, և շուտով (1672 հունվարին) նա ընտրվում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, իսկ 1703-ին դառնում այդ ընկերության պրեզիդենտը: 1687-ին հրապարակում է իր վիթխարի աշխատությունը՝ «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» (կրճատ՝ «Հիմունքներ»): 1695-ին ստանում է Դրամահատների տեսուչի պաշտոնը (դրան, ըստ երևույթին նպաստել են նրա մետաղների հատկությունների ուսումնասիրությունները) և կարգի է գցում Անգլիայի քայքայված դրամական գործը, որի համար 1699-ին ցմահ ստանում է Դրամահատների դիրեկտորի բարձր վարձատրվող կոչումը: Նույն թվականին նա ընտրվում է Փարիզի ԳԱ անդամ:
1705-ին Աննա թագուհին նրան է շնորհում ազնվականի տիտղոս: Ալևս նա Սեր Իսահակ Նյուտոնն էր: Դա առաջին դեպքն էր Անգլիայի պատմության մեջ, երբ տիտղոս էր շնորհվում գիտական նվաճումների համար:
1725-ին Նյուտոնի առողջությունը զգալիորեն վատացավ: Նա մահացավ քնի մեջ Քենինգսթոունում, Լոնդոնից ոչ հեռու 1727թ. մարտի 20-ին: Գրավոր կտակ նա չի թողել, սակայն մահից առաջ իր հսկայական կարողության մեծ մասը բաժանել է իր հարազատներին: Թագավորի հրամանով թաղվել է Իսահակ Նյուտոնը Վեսթմինսթերյան աբբայությունում:
Նյուտոնի մարդկային հատկանիշների մասին պահպանվել են բավական հակասական կարծիքներ: Սակայն բոլորը նշում են նրա հավասարակշռված խառնվածքը: Նա համարյա երբեք չէր կատակում կամ ծիծաղում, հուզվում կամ զայրանում: Նրա միտքը միշտ սևեռված էր որևէ խնդրի լուծման վրա, և դա էլ նրան դարձնում էր ցրված կամ անուշադիր ուրիշների նկատմամբ: Նա երբևէ չի հանգստացել, այցելել թատրոն կամ զվարճանքի այլ վայրեր: Այն ժամանակը, որ չէր ծախսում գիտության վրա, նա համարում էր կորած:
Իսահակ Նյուտոնը բարձրահասակ չէր, ուներ մարմնի ամուր կառուցվածք և ալիքավոր մազեր, որոնք մինչ մահը զարդարում էին նրա գլուխը (Նյուտոնը ճերմակել էր դեռ 30 տարեկանում): Կյանքի ընթացքում կորցրել է ընդհամենը մեկ ատամ ու երբեք ակնոց չի կրել ու չի հիվանդացել: Սննդի մեջ չափավոր էր, իսկ կենցաղում՝ խիստ: Կյանքում չլինելով շռայլ նա միշտ օգնել է իր բարեկամներին ու երիտասարդ գիտնականներին: Չի ունեցել ընտանիք ու երբևէ չի եղել ամուսնացած:

Նյուտոնի ռեֆլեկտորը
Օպտիկային վերաբերող առաջին աշխատանքում՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672թ) Նյուտոնն արտահայտել է իր հայացքները «լույսի մարմնականության» մասին (լույսի մասնիկային հիպոթեզը): Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռ. Հուկը, որն այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր: Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ: Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը: Լոնդոնի թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին Հուկի մահից հետո): «Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից: Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը:






