Այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետով այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» :Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։
Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը:
Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա. 764–735 թթ.):Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ:Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է:
Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: