Սուրբ Սարգիս զորավարի և տոնի մասին

Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։  Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զինվորները։

Ս. Սարգիս`   երիտասարդների և սիրո բարեխոս
Սբ. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
Սբ. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Սբ. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու:
Մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար:
Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն է ստեղծում և տուն դարձի ճամփա ընկնում:Նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Սբ. Սարգսին`  հայցելով Սրբի օգնությունը:
Սբ. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի`   Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
IMG_20200206_205925