Ժայռապատկերները քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին փորագրված կամ նկարված հնագույն պատկերներ ու տեսարաններ են, որոնք արվել են հին քարի դարից մինչև միջնադար:
Հայաստանի ժայռապատկերները քանակով, տեսականիով, ոճով ու բովանդակությամբ բացառիկ են Հին Արևելքի մշակութային համատեքստում: Հայկական լեռնաշխարհում առ այսօր վկայված է ավելի քան 100 000 ժայռապատկեր, որոնք առանձնակի խտությամբ տեղակայված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Ուխտասար), Վայքի (Ջերմուկի լեռներ), Գեղարքունիքի (Աժդահակ), Կոտայքի (Պայտասար, Զառ), Արագածոտնի (Ոսկեհատ, Արագած լեռ, Կաքավաբերդ) և այլ մարզերում:Ժայռապատկերները հիմնականում տարածված են բարձր լեռնային շրջաններում` ծ.մ. 2000-3000 մ բարձրությամբ վայրերում, սակայն առկա են նաև նախալեռնային և հովտային` ծ.մ. 1000-2000 մ բարձրությամբ շրջաններում:

Ըստ թեմատիկայի՝ դրանք կարելի է ստորաբաժանել.
- Որսի ու ռազմի տեսարաններ:
- Անասնապահական (ընտելացում‚ վարժեցում) և երկրագործական (վար) տեսարաններ:
- Ծիսական արարողություններ‚ մարզական ու պարի տեսարաններ:
- Նախնիների, աստվածությունների, դիցաբանական հերոսների, բարի ոգիների պատկերներ: Սրանցում առանձնանում է կայծակնացայտ աստվածության կերպարը:
- Կենդանիների պատկերներ՝ այծ, ցուլ, եղջերու, հովազ, տուր, զուբր, վիթ, ձի, շուն, գայլ, աղվես, վարազ, արջ, օձեր, ջրլող թռչուններ:
- Առասպելական արարածներ՝ վիշապներ, հրեշներ, հեքիաթային էակներ:
- Ծառ ու ծաղկի, պտուղների պատկերներ:
- Մայրության, սրբազան բեղմնավորման, պտղաբերության ու ժամանակի պաշտամունքն արտացոլող պատկերներ: Ուշագրավ է նախամոր կերպարը, որը համահունչ է շումերական առասպելի Նամմու նախամոր կերպարին:
- Փոխադրամիջոցներ (սայլ, նավակ, սահնակ) և կառուցվածքներ (ոռոգման ցանցեր, թակարդներ, արգելապատնեշներ, խորհրդավոր կառույցների հատակագծեր):
- ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սև սար,
ժայռապատկեր, Ք.ա. V-III հազ., բազալտ
(լուս.` Կ. Թոխաթյանի)Զենքեր, գործիքներ և հարմարանքներ՝ նիզակ, կապարճ, գուրզ‚ մահակ‚ վահան, կեռիկ, արոր, օղապարան, ցանց, ուռկան: - Շրջակա միջավայրի անշարժ տարրեր՝ սակավ են՝ լեռ, գետ, լիճ, աղբյուր պատերները: Գերակշռում են բնության երևույթները՝ կայծակ, անձրև, ծիածան:
- Կան տարատեսակ նշաններ, գաղափարագրեր ու խորհրդանշաններ, որոնք հիշեցնում են պիկտոգրամաներ, ինչպես նաև հնագույն տառեր:
- Ժայռապատկերների մի խումբ ստեղծվել է ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշման նպատակով՝ օրացույց, տեղանքի ու երկնակամարի քարտեզներ:
- Մեծաթիվ են սոլյար նշանները: Առանձնանում է տիեզերքի, մասնավորապես Կաթնածիր համաստեղությունը պատկերող ժայռաքանդակը, որը եզակի երևույթ է:

