Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը
Պարսիկները ցանկանում էին կրոնափոխ անել հայ ժողովրդին: 449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին:
Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին: