Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում:
Ռենեսանսի հիմնական ֆենոմենն այն էր, որ Բյուզանդական կայսրության անկումից հետո եվրոպական տարբեր պետություններ փախած բյուզանդացիները սկսեցին տարածել իրենց գրադարանները: Դրանցում կային բազմաթիվ անտիկ սկզբնաղբյուրներ, որոնք այն ժամանակ Եվրոպայում հայտնի չէին: Քաղաքներում սկսեցին հայտնվել ու թափ հավաքել տարբեր գիտական և մշակութային կենտրոններ, որոնք գործում էին եկեղեցուց անկախ: Այս շարժումը սկսվեց Իտալիայում:
Վերածննդի դարաշրջանը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանի՝
1. Պրոտոռենեսանս (XIII դ. 2-րդ կես – XIV դ.)
2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)
3. Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)
4. Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)
Անհավանական տեմպերով զարգացավ գիտությունը և գրատպագրությունը: Աշխարհագրական հայտնագործությունները և բնագիտության առաջացումը մարդկության գիտակցության մեջ հեղափոխում արեցին: Հիմք դրվեց հետագա գիտական տեսությունների և բացահայտումների համար: Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման և նավաշինության ոլորտներում: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները: Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: Այս միտումներն արտահայտվել են գրականության մեջ արմատական տեղաշարժեր են նկատվել իրավունքի , երաժշտության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և մշակույթի այլ բնագավառներում: Ստեղծվել են կրթության և գրչության կենտրոններ, համալսարաններ, մատենադարաններ, ծաղկել են եկեղեցաշինությունը, մանրանկարչությունը։